Saturday, June 6, 2009


Դպրոցի տնօրեն` Ջուլյա Ղազարյան


1993-ի դաժան ու ցրտաշունչ ձմեռը տեղի էր տալիս , և գարնան ջերմությունն էր կամաց-կամաց թափանցում մարդկանց հոգիներն ու բնակարանները...

Վաղ գարնան հետ մարտի 15-ին մեր դպրոց մտավ նաև նոր տնօրենը` աշխույժ , եռանդուն, համակրելի մի կին` տիկին Ջուլյա Ղազարյանը:

Ներկայացավ կոլեկտիվին , երկար չխոսեց , ժպտաց և ասաց.

-Լա'վ կլինի , ինձ թվում է` միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները:

Եվ դպրոցը իսկապես շնչեց նոր , գարնանային թարմությամբ:

Դրան նպաստեցին տ-ն Ղազարյանի անձնական հմայքն ու անսահման նվիրվածությունը , պատասխանատվության բարձր զգացումն ու անչափելի աշխատասիրությունը , խստապահանջությունն ու մայրական հոգատարությունը:

16 տարիների ընթացքում տ-ն Ղազարյանի եռանդուն աշխատանքի և խելացի ղեկավարման շնորհիվ դպրոցը հասավ բարձր նվաճումների: Նրա նախաձեռնությամբ վերանվանվեց եղեռնազարկ բանաստեղծի` Ռուբեն Սևակի անունով: Արդեն 15 տարի մեր սաները կրթվում և դաստիարակվում են Ռ. Սևակի հայրենասիրական գաղափարներով. դրա շնորհիվ դպրոցը մեծ համբավ ունի նաև Սփյուռքում:

Տիկին Ղազարյանի մարդկային բարձր որակների շնորհիվ դպրոցում ստեղծվել է ջերմ ու համերաշխ մի ընտանիք, որտեղ աշխատում , արարում են ընտանիքի բոլոր անդամները` օրինակ ունենալով իրենց ղեկավարին:

Եվ այսօր հարազատի ջերմությամբ ու սիրով ողջ կոլեկտիվը ի սրտե շնորհավորում է Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ , հարգելի' տնօրինուհի, սիրելի' Ջուլյա Ղազարյան , մաղթում է քաջառողջություն և բեղմնավոր աշխատանքի երկար տարիներ...

Թող աստված Ձեզ վրա առատորեն թափի իր լույսը , որպեսզի երբեք չպակասի Ձեր հոգու լույսը , որ այնպես ջերմացնում է Ձեր ընտանիքին ու շրջապատին...

Թող մի'շտ եղիցի լույս...



No comments:

Post a Comment